Site uses cookies to provide basic functionality.

OK
EXODUS
Prev Up Next Toggle notes
Chapter 33
Exod ArmEaste 33:1  Տէրն ասաց Մովսէսին. «Ելէ՛ք այստեղից դու եւ քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից, եւ գնացէ՛ք այն երկիրը, որ երդուել եմ տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասելով՝. «Ձեր սերնդին եմ տալու այն»:
Exod ArmEaste 33:2  Ես քո առաջից կ՚ուղարկեմ իմ հրեշտակին, որ հալածի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին,
Exod ArmEaste 33:3  քեզ կը տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: Բայց ես, կամակո՛ր ժողովուրդ, քեզ հետ դուրս չպիտի ելնեմ, որպէսզի ճանապարհին քեզ չկոտորեմ»:
Exod ArmEaste 33:4  Ժողովուրդը, լսելով այդ խիստ խօսքերը, մեծ սուգ արեց, սգաւորի զգեստներ հագաւ, ոչ ոք իր վրայ զարդ չկրեց:
Exod ArmEaste 33:5  Տէրն ասաց Մովսէսին. «Դու իսրայէլացիներին ասա՛. «Դուք կամակոր ժողովուրդ էք: Զգո՛յշ եղէք, թէ չէ մի այլ պատուհաս էլ կը բերեմ ձեր գլխին եւ կը կոտորեմ ձեզ: Արդ, հանեցէ՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, որպէսզի ցոյց տամ ձեզ, թէ ինչ եմ անելու ձեզ»:
Exod ArmEaste 33:6  Իսրայէլացիները Քորեբ լերան մօտ հանեցին իրենց զարդերն ու պատմուճանները:
Exod ArmEaste 33:7  Մովսէսն իր վրանը խփեց բանակատեղիից դուրս՝ առանձին մի տեղում: Դա կոչուեց Վկայութեան վրան: Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնուող Վկայութեան վրանը:
Exod ArmEaste 33:8  Երբ Մովսէսը դէպի վրանն էր գնում, ողջ ժողովուրդը՝ ամէն մէկն իր վրանի դռան մօտ կանգնած, ուշադիր դիտում էր նրան. նրանք հայեացքով հետեւում էին Մովսէսին, մինչեւ որ նա գնում մտնում էր իր վրանը:
Exod ArmEaste 33:9  Երբ Մովսէսը մտնում էր վրանը, ամպի մի սիւն էր իջնում ու կանգնում վրանի դռան մօտ, եւ Տէրը խօսում էր Մովսէսի հետ:
Exod ArmEaste 33:10  Ողջ ժողովուրդը, տեսնելով վրանի դռան մօտ կանգնած ամպի սիւնը, ոտքի էր կանգնում, իւրաքանչիւրը երկրպագում էր իր վրանի դռան մօտ:
Exod ArmEaste 33:11  Տէրը Մովսէսի հետ խօսում էր դէմ յանդիման, ինչպէս մէկը կը խօսէր իր բարեկամի հետ, եւ ապա Մովսէսը վերադառնում էր բանակատեղի: Բայց նրա սպասաւոր Յեսուն՝ Նաւէի որդին, վրանից դուրս չէր գալիս:
Exod ArmEaste 33:12  Մովսէսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. «Տա՛ր այս ժողովրդին», բայց դու չես յայտնել, թէ ում ես ուղարկելու ինձ հետ: Դու ինձ ասացիր՝ «Քեզ բոլորից բարձր եմ դասում, դու վայելում ես իմ շնորհը»:
Exod ArmEaste 33:13  Արդ, եթէ քո շնորհին եմ արժանացել ես, ինձ յայտնապէս երեւայ, որպէսզի իմանամ, թէ ինչով եմ արժանացել քո շնորհին, իմանամ, որ քո այս ժողովուրդը մեծ ազգ է լինելու»:
Exod ArmEaste 33:14  Տէրն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից ու պիտի տեղաւորեմ քեզ»:
Exod ArmEaste 33:15  Մովսէսն ասաց նրան. «Եթէ դու ինքդ մեզ հետ չգնաս, ուրեմն ինձ այստեղից մի՛ հանիր:
Exod ArmEaste 33:16  Եւ ինչի՞ց պիտի իմացուի, թէ ես ու քո ժողովուրդն, իրօք, քո շնորհին ենք արժանացել: Եթէ դու մեզ հետ գնաս, ես ու քո ժողովուրդը կը փառաւորուենք շատ աւելի, քան երկրի վրայ եղած բոլոր ազգերը»:
Exod ArmEaste 33:17  Տէրն ասաց Մովսէսին. «Այդ քո ասածն էլ կը կատարեմ, որովհետեւ դու իմ շնորհին ես արժանացել, եւ քեզ աւելի եմ ճանաչում, քան մնացած բոլորին»:
Exod ArmEaste 33:18  Մովսէսն ասաց. «Ցո՛յց տուր ինձ քո փառքը»:
Exod ArmEaste 33:19  Տէրն ասաց. «Ես իմ փառքով կ՚անցնեմ քո առաջից, քո առաջ կը կոչեմ իմ անունը՝ Տէր, կ՚ողորմեմ նրան, ում ողորմելու եմ, եւ կը գթամ նրան, ում գթալու եմ»:
Exod ArmEaste 33:20  Եւ Տէրն աւելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետեւ մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»:
Exod ArmEaste 33:21  Տէրը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կայ, կանգնի՛ր այս ժայռի վրայ:
Exod ArmEaste 33:22  Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կը դնեմ ժայռի ծերպի մէջ եւ իմ ձեռքով կը ծածկեմ քեզ, մինչեւ որ անցնեմ:
Exod ArmEaste 33:23  Իմ ձեռքը քո վրայից կը վերցնեմ, եւ ապա դու ինձ կը տեսնես թիկունքից: Բայց իմ դէմքը քեզ չի երեւայ»: