Site uses cookies to provide basic functionality.

OK
EXODUS
Prev Up Next Toggle notes
Chapter 13
Exod ArmEaste 13:1  Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
Exod ArmEaste 13:2  «Ինձ նուիրաբերի՛ր բոլոր իսրայէլացիների անդրանիկ զաւակներին, ամէն մի նախածին, մարդ թէ անասուն, որովհետեւ իմն է»:
Exod ArmEaste 13:3  Մովսէսն ասաց ժողովրդին. «Յիշեցէ՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկութեան այս տնից, որովհետեւ Տէրը ձեզ իր հզօր ձեռքով հանեց այստեղից: Թթխմորով հաց չպիտի ուտէք,
Exod ArmEaste 13:4  որովհետեւ դուք այսօր, գարնանային վաղահաս բերքի ամսին էք դուրս գալիս:
Exod ArmEaste 13:5  Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի քո հայրերին խոստացած Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Խեւացիների, Յեբուսացիների, Փերեզացիների ու Գերգեսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, ապա հէնց այդ ամսին այս ծիսակատարութիւնը կ՚անես:
Exod ArmEaste 13:6  Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, իսկ եօթներորդ օրը Տիրոջ տօնը կը լինի. բաղարջ հաց կ՚ուտէք:
Exod ArmEaste 13:7  Ձեր տանը թթխմորով հաց չլինի, քո ողջ երկրի սահմաններում թթխմոր չերեւայ:
Exod ArmEaste 13:8  Այդ օրը քո որդուն կը պատմես՝ ասելով. «Դա կատարւում է ի յիշատակ այն բանի, ինչ արել է ինձ Տէր Աստուածը, երբ դուրս էի գալիս Եգիպտոսից»:
Exod ArmEaste 13:9  Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես: Տիրոջ օրէնքները թող քո բերանում լինեն, քանի որ Տիրոջ հզօր ձեռքն է հանել քեզ Եգիպտոսից:
Exod ArmEaste 13:10  Այս օրէնքները կը պահպանէք տարէցտարի ձեր կեանքի բոլոր օրերում»:
Exod ArmEaste 13:11  «Երբ քո Տէր Աստուածը քեզ կը տանի Քանանացիների երկիրը, ինչպէս խոստացել է քեզ ու քո հայրերին, եւ այն կը տայ քեզ,
Exod ArmEaste 13:12  Տիրոջ համար կ՚առանձնացնես անդրանիկ բոլոր արու ծնունդներին եւ քո արջառների ու ոչխարների առաջնածիններին, որոնք պիտի ծնուեն: Դրանք բոլորը Տիրոջը կը նուիրաբերես:
Exod ArmEaste 13:13  Առաջնածին էշը կը փոխանակես ոչխարի հետ, իսկ եթէ չուզենաս փոխանակել, ապա դա փրկագին կը տաս: Քո որդիների բոլոր անդրանիկ զաւակներին կը փրկագնես:
Exod ArmEaste 13:14  Եթէ դրանից յետոյ որդիդ հարցնի քեզ ու ասի, թէ՝ «Ի՞նչ է այս», նրան կ՚ասես, թէ՝ «Տէրը հզօր ձեռքով է հանել մեզ Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից:
Exod ArmEaste 13:15  Երբ փարաւոնի սիրտը կարծրացաւ ու մեզ չարձակեց, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդկանց անդրանիկ զաւակներից մինչեւ անասունների առաջնածինները: Հէնց դրա համար էլ ես Տիրոջն եմ նուիրաբերում բոլոր առաջնածին արուներին, իսկ իմ որդիներից բոլոր անդրանիկ զաւակն»րին փրկագին կը տամ»:
Exod ArmEaste 13:16  Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես, թէ Տէրը ինչպէս է հզօր ձեռքով մեզ հանել Եգիպտոսից»:
Exod ArmEaste 13:17  Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը պատերազմի բռնուելով՝ գուցէ վախենայ ու Եգիպտոս վերադառնայ:
Exod ArmEaste 13:18  Դրա համար Աստուած ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարաւ դէպի Կարմիր ծով: Իսրայէլացիները Եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ:
Exod ArmEaste 13:19  Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ այցի գայ, իմ ոսկորները կը հանէք այստեղից ու կը տանէք ձեզ հետ»:
Exod ArmEaste 13:20  Սոկքոթից դուրս գալով՝ իսրայէլացիները եկան եւ կայք հաստատեցին Ոթոմում՝ անապատի եզրին:
Exod ArmEaste 13:21  Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցոյց ունենան:
Exod ArmEaste 13:22  Ցերեկը ամպի սիւնը, իսկ գիշերը հրէ սիւնը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր: