Site uses cookies to provide basic functionality.

OK
EXODUS
Prev Up Next
Chapter 10
Exod ArmEaste 10:1  Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի իմ նշանները հերթով թափուեն նրանց գլխին,
Exod ArmEaste 10:2  որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին, ինչպէս նաեւ պատմէք իմ այն նշանների մասին, որ կատարեցի նրանց մօտ, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ Տէրը»:
Exod ArmEaste 10:3  Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ ասացին նրան. «Այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Մինչեւ ե՞րբ չես պատկառելու ինձնից: Արձակի՛ր իմ ժողովրդին, որպէսզի պաշտի ինձ:
Exod ArmEaste 10:4  Եթէ չկամենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին շատ մորեխ կը թափեմ քո սահմաններից ներս:
Exod ArmEaste 10:5  Դրանք կը ծածկեն ողջ երկրի երեսը, եւ դու չես կարողանայ տեսնել երկիրը: Դրանք կը խժռեն բոլոր մնացած այն բաները, որ ձեզ թողել է կարկուտը, կը խժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրայ ձեզ համար:
Exod ArmEaste 10:6  Քո պալատները, քո պաշտօնեաների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի բոլոր տները այնպէս կը լցուեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրայ իրենց ծնուած օրից մինչեւ այսօր»: Եւ Մովսէսը դուրս եկաւ փարաւոնի մօտից:
Exod ArmEaste 10:7  Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ: Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն իրենց տէր Աստծուն: Գուցէ ուզում ես տեսնել, թէ ինչպէ՞ս է կործանւում Եգիպտոսը»:
Exod ArmEaste 10:8  Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ: Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն: Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»:
Exod ArmEaste 10:9  Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»:
Exod ArmEaste 10:10  Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի: Տէրը ձեզ հետ: Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ արձակում: Տեսնո՞ւմ էք, որ չարութիւն կայ ձեր մէջ:
Exod ArmEaste 10:11  Այդպէս չի լինի: Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»: Եւ նրանց վռնդեցին փարաւոնի մօտից:
Exod ArmEaste 10:12  Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտացիների երկրի վրայ, եւ մորեխ պիտի ելնի Եգիպտացիների երկրի վրայ եւ պիտի խժռեն երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել են կարկտից»:
Exod ArmEaste 10:13  Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ: Երբ առաւօտ եղաւ, հարաւային հողմն առաւ մորեխն
Exod ArmEaste 10:14  ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ, նրա սահմաններից ներս: Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել, եւ ո՛չ էլ դրանից յետոյ այդքան մորեխ եղաւ:
Exod ArmEaste 10:15  Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց: Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել էին կարկտից: Եգիպտացիների ամբողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրայ:
Exod ArmEaste 10:16  Փարաւոնն շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր տէր Աստծու եւ ձեր դէմ:
Exod ArmEaste 10:17  Արդ, ներեցէ՛ք իմ այս յանցանքը եւս եւ աղաչեցէ՛ք ձեր տէր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»:
Exod ArmEaste 10:18  Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն:
Exod ArmEaste 10:19  Աստուած ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց, հողմն առաւ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը: Եգիպտացիների ամբողջ երկրում մորեխ չմնաց:
Exod ArmEaste 10:20  Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ նա չարձակեց իսրայէլացիներին:
Exod ArmEaste 10:21  Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ Եգիպտացիների երկրի վրայ թող խաւար լինի՝ թանձրամած խաւար»:
Exod ArmEaste 10:22  Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ երեք օր խաւար, մէգ ու մութ եղաւ:
Exod ArmEaste 10:23  Երեք օր եղբայրն իր եղբօրը չտեսաւ, երեք օր ոչ ոք իր անկողնուց վեր չելաւ, մինչդեռ բոլոր իսրայէլացիների բոլոր բնակավայրերում լոյս էր:
Exod ArmEaste 10:24  Փարաւոնը, կանչելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց նրանց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ձեր ունեցուածքը վերցրէ՛ք ձեզ հետ, բայց ձեր արջառն ու ոչխարը թողէ՛ք այստեղ»:
Exod ArmEaste 10:25  Մովսէսն ասաց. «Ողջակիզութեան ու զոհաբերութեան անասուններ դու ի՛նքդ մեզ պիտի տաս, որ մատուցենք մեր տէր Աստծուն:
Exod ArmEaste 10:26  Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան, մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետեւ մեր տէր Աստծուն դրանցից պիտի զոհ մատուցենք: Մինչեւ մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թէ ինչ պիտի զոհաբերենք մեր տէր Աստծուն»:
Exod ArmEaste 10:27  Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց արձակել նրանց:
Exod ArmEaste 10:28  Փարաւոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից, զգո՛յշ եղիր, այլեւս չհամարձակուես իմ աչքին երեւալ, որովհետեւ այն օրը, որ երեւաս ինձ, կը սպանուես»:
Exod ArmEaste 10:29  Մովսէսն ասաց. «Դու արդէն ասացիր. այլեւս աչքիդ չեմ երեւայ»: