Site uses cookies to provide basic functionality.

OK
EXODUS
Prev Up Next
Chapter 18
Exod ArmEaste 18:1  Մադիամի քուրմ Յոթորը՝ Մովսէսի աները, իմացաւ այն ամէնը, ինչ Տէրն արել էր Մովսէսին ու իսրայէլացի ժողովրդին. այն, որ Տէրը իսրայէլացիներին հանել էր Եգիպտոսից:
Exod ArmEaste 18:2  Երբ Մովսէսն իր կին Սեփորային յետ ուղարկեց, Մովսէսի աները՝ Յոթորը, իր հետ վերցրեց Սեփորային
Exod ArmEaste 18:3  ու նրա երկու որդիներին, որոնցից մէկի անունը Գերսամ էր եւ նշանակում էր՝ «Պանդուխտ էի օտար երկրում»,
Exod ArmEaste 18:4  իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր՝ «Իմ հօր Աստուածը իմ օգնականն է եւ նա փրկեց ինձ փարաւոնի ձեռքից»:
Exod ArmEaste 18:5  Յոթորը, որ Մովսէսի աներն էր, նրա կնոջ եւ նրա որդիների հետ եկաւ Մովսէսի մօտ՝ անապատ, ուր նա բնակւում էր Աստծու լերան վրայ:
Exod ArmEaste 18:6  Յայտնեցին Մովսէսին՝ ասելով. «Ահա քո աներ Յոթորը, կինդ ու երկու որդիներդ նրա հետ գալիս են քեզ մօտ»:
Exod ArmEaste 18:7  Մովսէսն ընդառաջ գնաց իր աներոջը, ծնրադրեց նրա առաջ եւ համբուրեց նրան: Նրանք ողջագուրուեցին խաղաղութեամբ, եւ Մովսէսը նրան տարաւ իր վրանը:
Exod ArmEaste 18:8  Մովսէսն իր աներոջը պատմեց այն ամէնը, ինչ իսրայէլացիների համար Տէրն արել էր փարաւոնի ու եգիպտացիների դէմ, բոլոր այն չարչարանքները, որ իրենք կրել էին ճանապարհին, եւ թէ ինչպէս էր Տէրը փրկել իրենց:
Exod ArmEaste 18:9  Յոթորը զարմացաւ այն բոլոր բարեգործութիւնների համար, որ Տէրն արել էր նրանց, եւ թէ ինչպէս էր նրանց ազատել եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից:
Exod ArmEaste 18:10  Յոթորն ասաց. «Օրհնեալ լինի Տէրը, որ փրկել է սրանց եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից, որ ժողովրդին ազատել է եգիպտացիների ձեռքից:
Exod ArmEaste 18:11  Հիմա գիտեմ, որ Տէրն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները: Դա երեւաց, երբ եգիպտացիները բռնանում էին նրանց վրայ:
Exod ArmEaste 18:12  Մովսէսի աները՝ Յոթորը, ողջակէզ ու զոհ մատուցեց Աստծուն: Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի բոլոր ծերերը Մովսէսի աներոջ հետ գնացին Տիրոջ առաջ ճաշելու:
Exod ArmEaste 18:13  Առաւօտեան Մովսէսը նստեց ժողովրդին դատելու: Ողջ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնել էր Մովսէսի շուրջը:
Exod ArmEaste 18:14  Յոթորը տեսնելով այն ամէնը, ինչ Մովսէսն անում էր ժողովրդի համար, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին: Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնած է շուրջդ»:
Exod ArmEaste 18:15  Մովսէսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստծուց իրաւունք հայցելու համար:
Exod ArmEaste 18:16  Երբ նրանց միջեւ վէճ է ծագում, գալիս են ինձ մօտ: Ես դատում եմ նրանցից իւրաքանչիւրին եւ յայտնում Աստծու հրամաններն ու օրէնքները»:
Exod ArmEaste 18:17  Մովսէսի աները նրան ասաց. «Արածդ ճիշտ չէ»:
Exod ArmEaste 18:18  Սոսկալի տանջանքներով ես տանջւում դու եւ քեզ հետ եղող ամբողջ ժողովուրդը: Քեզ համար ծանր է այդ գործը, դա միայնակ անել չես կարող:
Exod ArmEaste 18:19  Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, եւ Աստուած քեզ հետ կը լինի: Աստծու մօտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը եւ մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն:
Exod ArmEaste 18:20  Նրանց տեղեակ կը պահես Աստծու հրամաններին ու օրէնքներին, նրանց ցոյց կը տաս այն ճանապարհը, որով ընթանալու են, եւ այն գործերը, որ պէտք է կատարեն:
Exod ArmEaste 18:21  Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր ուժեղ տղամարդկանց՝ աստուածապաշտ, արդարադատ, գոռոզութիւնն ատող մարդկանց ու ժողովրդի վրայ սրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգի՛ր:
Exod ArmEaste 18:22  Նրանք մշտապէս թող դատեն ժողովրդին, կարեւոր գործերը թող յանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող անեն իրենք. դրանով կը թեթեւացնես քո գործերը, եւ նրանք կը լինեն քո օգնականները:
Exod ArmEaste 18:23  Եթէ այս բանն անես, Աստուած կը զօրացնի քեզ, դու կը կարողանաս տոկալ, եւ ողջ ժողովուրդը խաղաղութեամբ կը վերադառնայ իր տեղը»:
Exod ArmEaste 18:24  Մովսէսն անսաց իր աներոջ ասածին եւ արեց այն ամէնը, ինչ նա ասաց իրեն:
Exod ArmEaste 18:25  Մովսէսը բոլոր իսրայէլացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրայ նրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգեց: Սրանք ամբողջ ժամանակ պատրաստ էին ժողովրդին դատելու:
Exod ArmEaste 18:26  Նրանք կարեւոր գործերը յանձնում էին Մովսէսին, իսկ փոքր գործերը դատում էին իրենք:
Exod ArmEaste 18:27  Մովսէսը ճանապարհ դրեց իր աներոջը, եւ սա գնաց իր երկիրը: