Site uses cookies to provide basic functionality.

OK
GENESIS
Prev Up Next
Chapter 42
Gene ArmEaste 42:1  Յակոբը իմանալով, որ ցորենի վաճառք կայ Եգիպտացիների երկրում, ասում է իր որդիներին. «Ինչո՞ւ էք յապաղում:
Gene ArmEaste 42:2  Իմացել եմ, որ Եգիպտոսում ցորեն կայ: Գնացէ՛ք այնտեղ եւ մեզ համար մի քիչ պարէն գնեցէ՛ք, որ ապրենք, սովամահ չլինենք»:
Gene ArmEaste 42:3  Յովսէփի տասը եղբայրները իջան Եգիպտոսից ցորեն գնելու:
Gene ArmEaste 42:4  Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին չթողեց, որ գնայ իր եղբայրների հետ, որովհետեւ ասում էր, թէ՝ «Գուցէ նա կը հիւանդանայ»:
Gene ArmEaste 42:5  Իսրայէլի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ Քանանացիների երկրում սով էր:
Gene ArmEaste 42:6  Յովսէփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում երկրի ողջ ժողովրդին: Յովսէփի եղբայրները, գալով, գլուխները խոնարհեցին մինչեւ գետին:
Gene ArmEaste 42:7  Երբ Յովսէփը տեսաւ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձեւացրեց իրեն, խստագոյնս խօսեց նրանց հետ եւ ասաց. «Որտեղի՞ց էք գալիս»: Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարէն գնելու»:
Gene ArmEaste 42:8  Յովսէփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն:
Gene ArmEaste 42:9  Յովսէփը յիշեց իր տեսած երազները եւ ասաց նրանց. «Դուք լրտեսներ էք եւ եկել էք երկիրը հետախուզելու»:
Gene ArmEaste 42:10  Նրանք ասացին. «Ո՛չ, տէ՛ր: Մենք՝ քո ծառաները, եկել ենք ցորեն գնելու:
Gene ArmEaste 42:11  Մենք ամէնքս մի մարդու զաւակներ ենք: Խաղաղասէր մարդիկ ենք մենք, քո ծառաները լրտեսներ չեն»:
Gene ArmEaste 42:12  Յովսէփն ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել էք երկիրը հետախուզելու»:
Gene ArmEaste 42:13  Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ էինք, Քանանացիների երկրում մի մարդու որդիներ: Այս պահին մեր կրտսեր եղբայրն իր հօր մօտ է, իսկ միւսն այլեւս չկայ»:
Gene ArmEaste 42:14  Յովսէփն ասաց նրանց. «Ահա թէ ինչպիսի փորձի պիտի ենթարկուէք. հէնց դրա համար ասացի ձեզ՝ դուք լրտեսներ էք:
Gene ArmEaste 42:15  Երդւում եմ փարաւոնի արեւով, որ այստեղից դուրս չէք գայ, քանի ձեր կրտսեր եղբայրն այստեղ չի եկել:
Gene ArmEaste 42:16  Արդ, ձեզնից մէկին ուղարկեցէ՛ք, որ այստեղ բերի ձեր եղբօրը, իսկ դուք կը մնաք արգելարանում, մինչեւ որ պարզուի, թէ ճի՞շտ էք ասում, թէ՞ ոչ: Հակառակ դէպքում, երդւում եմ փարաւոնի արեւով, որ դուք լրտեսներ էք»:
Gene ArmEaste 42:17  Եւ երեք օր նրանց բանտարկեց:
Gene ArmEaste 42:18  Յովսէփը երրորդ օրն ասաց նրանց. «Այսպէս արէք, որպէսզի փրկուէք. ես ինքս էլ աստուածավախ մարդ եմ:
Gene ArmEaste 42:19  Եթէ խաղաղասէր մարդիկ էք, ձեր եղբայրներից մէկն այստեղ՝ բանտում կը մնայ, իսկ մնացածներդ կը տանէք ձեր գնած ցորենը:
Gene ArmEaste 42:20  Ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ կը բերէք, որ հաւատամ ձեր ասածներին, ապա թէ ոչ՝ մահուան կը դատապարտուէք»:
Gene ArmEaste 42:21  Նրանք այդպէս էլ արեցին: Նրանք՝ եղբայրները, միմեանց ասացին. «Այո՛, մենք մեր եղբօր նկատմամբ մեղաւոր ենք, որովհետեւ անտեսեցինք նրա հոգու մղձաւանջը, երբ նա մեզ աղաչում էր, իսկ մենք նրան չլսեցինք: Դրա համար էլ մեր գլխին է իջնում այս պատուհասը»:
Gene ArmEaste 42:22  Պատասխան տուեց Ռուբէնն ու ասաց նրանց. «Ես ձեզ չասացի՞, թէ՝ «Մեղք մի՛ գործէք պատանու դէմ», իսկ դուք ինձ չլսեցիք: Հիմա նրա արեան գինն է պահանջւում»:
Gene ArmEaste 42:23  Նրանք չգիտէին, որ Յովսէփը հասկանում էր նրանց, որովհետեւ թարգմանիչ ունէր: Եւ նրանցից մեկուսանալով՝ Յովսէփը լաց եղաւ:
Gene ArmEaste 42:24  Նա դարձեալ եկաւ նրանց մօտ եւ խօսեց նրանց հետ: Ապա նրանցից առանձնացնելով Շմաւոնին՝ նրանց ներկայութեամբ շղթայեց նրան:
Gene ArmEaste 42:25  Յովսէփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, իւրաքանչիւրի արծաթը դնեն իր պարկի մէջ եւ ճանապարհի պաշար տան: Այդպէս էլ արեցին:
Gene ArmEaste 42:26  Նրանք բարձելով իրենց էշերը՝ գնացին այնտեղից:
Gene ArmEaste 42:27  Նրանցից մէկը, իջեւանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսաւ, որ իր արծաթի քսակը դրուած է իր պարկի բերանին:
Gene ArmEaste 42:28  Այն ժամանակ նա ասաց իր եղբայրներին. «Դրամը վերադարձրել են ինձ, ահա իմ պարկի մէջ է»: Նրանք զարմացան, իրար անցան ու ասացին. «Այս ի՞նչ արեց մեզ Աստուած»:
Gene ArmEaste 42:29  Նրանք եկան իրենց հայր Յակոբի մօտ, Քանանի երկիրը, պատմեցին նրան այն ամէնը, ինչ պատահել էր իրենց հետ, եւ ասացին.
Gene ArmEaste 42:30  «Մարդը, որ երկրի տէրն էր, մեզ հետ շատ խիստ խօսեց եւ մեզ, իբրեւ այդ երկրի լրտեսներ, բանտ նետեց:
Gene ArmEaste 42:31  Մենք նրան ասացինք. «Մենք խաղաղասէր մարդիկ ենք, լրտեսներ չենք:
Gene ArmEaste 42:32  Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հօր որդիները: Մէկը չկայ, իսկ կրտսերն այս պահին մեր հօր մօտ է՝ Քանանացիների երկրում»:
Gene ArmEaste 42:33  Երկրի տէրը մեզ ասաց. «Ձեր խաղաղասէր լինելը սրանով կ՚իմանամ, եթէ ձեր մի եղբօրն այստեղ՝ ինձ մօտ թողնէք, ձեր գնած ցորենը վերցնէք տանէք ձեր տուն
Gene ArmEaste 42:34  եւ ձեր կրտսեր եղբօրը բերէք ինձ մօտ: Այն ժամանակ ես կ՚իմանամ, որ դուք լրտեսներ չէք, այլ խաղաղասէր մարդիկ էք, եւ ձեր այս եղբօրն էլ կը վերադարձնեմ ձեզ, եւ դուք այս երկրում առեւտուր կ՚անէք»:
Gene ArmEaste 42:35  Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, իւրաքանչիւրի արծաթի քսակը իր պարկում էր: Եւ երբ նրանք տեսան իրենց արծաթի քսակները, իրենք եւ իրենց հայրը խիստ վախեցան:
Gene ArmEaste 42:36  Նրանց հայրը՝ Յակոբը, ասաց նրանց. «Ինձ անզաւակ էք թողնում: Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, հիմա էլ Բենիամինի՞ն էք վերցնելու: Այս բոլորը իմ գլխին են թափւում»:
Gene ArmEaste 42:37  Ռուբէնը, դիմելով հօրը, ասաց. «Դու իմ երկու որդիներին կը սպանես, եթէ նրան չվերադարձնեմ քեզ: Դու Բենիամինին վստահիր ինձ, եւ ես նրան կը վերադարձնեմ քեզ»:
Gene ArmEaste 42:38  Նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետեւ սրա եղբայրը մեռաւ, եւ միայն սա է մնացել: Եթէ սա հիւանդանայ ձեր գնացած ճանապարհին, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»: