Site uses cookies to provide basic functionality.

OK
GENESIS
Prev Up Next
Chapter 24
Gene ArmEaste 24:1  Աբրահամը ծերացել էր, տարիքն առել: Եւ Տէրն օրհնեց Աբրահամին ըստ ամենայնի:
Gene ArmEaste 24:2  Աբրահամն ասաց իր տան աւագագոյն ծառային՝ իր ամբողջ ունեցուածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ եւ
Gene ArmEaste 24:3  քեզ երդուեցնեմ Տիրոջ՝ երկնքի Աստծու եւ երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից (որոնց մէջ եմ բնակւում ես),
Gene ArmEaste 24:4  այլ կը գնաս այն երկիրը, որտեղ ծնուել եմ, իմ տունը, եւ այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կ՚առնես»:
Gene ArmEaste 24:5  Ծառան նրան պատասխանեց. «Գուցէ կինը չցանկանայ ինձ հետ գալ այս երկիրը: Այդ դէպքում ես տանե՞մ քո որդուն այն երկիրը, որտեղ ծնուել ես դու»:
Gene ArmEaste 24:6  Աբրահամն ասաց. «Զգո՛յշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես:
Gene ArmEaste 24:7  Երկնքի Տէր Աստուածը եւ երկրի Տէր Աստուածը, որն ինձ հանեց իմ հօր տնից ու այն երկրից, ուր ծնուել եմ, որը խօսեց ինձ հետ, երդուեց ինձ ու ասաց, թէ՝ «Քո սերունդներին եմ տալու այդ երկիրը», նա իր հրեշտակին կ՚ուղարկի քո առաջ, եւ այնտեղից կին կ՚առնես իմ որդի Իսահակի համար:
Gene ArmEaste 24:8  Իսկ եթէ կինը չուզենայ քեզ հետ գալ այս երկիրը, քո տուած երդումից անպարտ համարուես, միայն թէ իմ որդուն այնտեղ չվերադարձնես»:
Gene ArmEaste 24:9  Աբրահամի ծառան ձեռքը դրեց իր տիրոջ ազդրի տակ եւ երդուեց նրան այդ բանի համար:
Gene ArmEaste 24:10  Ծառան առաւ իր տիրոջ ուղտերից տասը ուղտ եւ գնաց՝ իր հետ ունենալով իր տիրոջ բոլոր բարիքներից: Նա ելաւ գնաց Միջագետք, Նաքորի քաղաքը:
Gene ArmEaste 24:11  Երեկոյեան ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս, ջրհորի մօտ այն պահին, երբ ջրուորը դուրս է գալիս ջրի:
Gene ArmEaste 24:12  Նա ասաց. «Իմ տէր Աբրահամի Տէր Աստուած, այսօր ինձ յաջողութիւն պարգեւի՛ր եւ ողորմի՛ր իմ տէր Աբրահամին:
Gene ArmEaste 24:13  Ահա ես ջրի աղբիւրի մօտ եմ, եւ այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու:
Gene ArmEaste 24:14  Թող լինի մի կոյս, որին ասեմ՝ «Թեքի՛ր սափորդ, որ խմեմ», իսկ նա ինձ պատասխանի՝ «Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կը տամ, մինչեւ որ յագենան խմելուց»: Թող նրան էլ նախատեսած լինես քո ծառայ Իսահակի համար, եւ դրանով էլ իմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տէր Աբրահամի նկատմամբ»:
Gene ArmEaste 24:15  Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խօսքը, երբ եկաւ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդի Բաթուէլի դուստրն էր: Նա ուսին սափոր ունէր:
Gene ArmEaste 24:16  Կոյսը դէմքով շատ գեղեցիկ էր, մի աղջիկ, որին դեռ տղամարդ չէր մօտեցել: Նա իջաւ աղբիւրի մօտ, լցրեց իր սափորն ու ելաւ:
Gene ArmEaste 24:17  Ծառան ընդառաջ գնաց նրան ու ասաց. «Այդ սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»:
Gene ArmEaste 24:18  Նա պատասխանեց. «Խմի՛ր, տէ՛ր»: Նա իր սափորը փութով իջեցրեց իր թեւերի վրայ,
Gene ArmEaste 24:19  ջուր տուեց նրան, մինչեւ որ դադարեց խմելուց: Ապա աւելացրեց. «Քո ուղտերի համար էլ ջուր կը հանեմ, այնքան, որ բոլորն էլ յագենան»:
Gene ArmEaste 24:20  Նա սափորի ջուրն իսկոյն թափեց գուռի մէջ եւ նորից գնաց ջրհորը՝ ջուր հանելու: Նա նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց:
Gene ArmEaste 24:21  Մարդն ուշադիր հետեւում էր նրան ու լուռ մտածում, թէ Տէրը կը յաջողեցնի՞ իր գործը, թէ՞ ոչ:
Gene ArmEaste 24:22  Երբ բոլոր ուղտերը յագեցան, մարդը նրան տուեց ոսկէ գինդեր՝ իւրաքանչիւրը մէկ դահեկանի քաշով, եւ տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին:
Gene ArmEaste 24:23  Նա հարցրեց նրան ու ասաց. «Ու՞մ դուստրն ես դու, յայտնի՛ր ինձ, քո տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ»:
Gene ArmEaste 24:24  Սա պատասխանեց նրան. «Ես Մեղքայի եւ Նաքորի որդի Բաթուէլի դուստրն եմ»:
Gene ArmEaste 24:25  Ապա աւելացրեց. «Յարդ ու խոտ շատ ունենք, նաեւ իջեւանելու տեղ»:
Gene ArmEaste 24:26  Մարդն ուրախացաւ, երկրպագեց Աստծուն եւ ասաց.
Gene ArmEaste 24:27  «Օրհնեալ է իմ տէր Աբրահամի Տէր Աստուածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարութիւնից ու ճշմարտութիւնից: Տէրն ինձ յաջողութիւն պարգեւեց իմ տիրոջ եղբօր տանը»:
Gene ArmEaste 24:28  Գնաց աղջիկն ու կատարուածի մասին պատմեց իր մօր տանը:
Gene ArmEaste 24:29  Ռեբեկան ունէր Լաբան անունով մի եղբայր: Լաբանը գնաց դուրս՝ դէպի աղբիւրը, այդ մարդու մօտ:
Gene ArmEaste 24:30  Երբ նա տեսաւ գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները, եւ իր քոյր Ռեբեկայից լսած լինելով, թէ՝ «Այսպէս խօսեց ինձ հետ այդ մարդը»,
Gene ArmEaste 24:31  մօտեցաւ մարդուն, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին, աղբիւրի մօտ, եւ ասաց նրան. «Արի տուն մտի՛ր, Տիրոջով օրհնեալ, ինչո՞ւ ես մնացել դրսում: Ես քեզ համար տուն եւ քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»:
Gene ArmEaste 24:32  Մարդը մտաւ տուն, իսկ Լաբանը ուղտերի վրայից հանեց թամբերը: Ուղտերին յարդ ու խոտ տուեցին եւ ջուր՝ նրա ու նրա հետ եկածների ոտքերը լուալու համար:
Gene ArmEaste 24:33  Նրանց առաջ հաց դրեցին, որ ուտեն: Ծառան ասաց. «Չեմ ուտի, մինչեւ չասեմ ասելիքս»: Նրանք ասացին. «Խօսի՛ր»:
Gene ArmEaste 24:34  Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ:
Gene ArmEaste 24:35  Տէրը մեծապէս օրհնեց իմ տիրոջը, եւ նա մեծ մարդ դարձաւ: Աստուած նրան արջառ ու ոչխար, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր տուեց:
Gene ArmEaste 24:36  Սառան՝ իմ տիրոջ կինը, ծերունական հասակում գտնուող իմ տիրոջը պարգեւեց մի որդի, որին իմ տէրը յանձնեց այն ամէնը, ինչ ունէր:
Gene ArmEaste 24:37  Իմ տէրն ինձ երդուեցնելով ասաց. «Իմ որդի Իսահակի համար քանանացիների աղջիկներից կին չառնես, այն քանանացիների, որոնց երկրում ես պանդխտեցի,
Gene ArmEaste 24:38  այլ կը գնաս իմ հօր տունը, իմ տոհմի մէջ եւ այնտեղից կին կը բերես իմ որդու համար»:
Gene ArmEaste 24:39  Ես իմ տիրոջն ասացի. «Գուցէ կինն ինձ հետ չգայ»:
Gene ArmEaste 24:40  Նա ասաց ինձ. «Իմ Տէր Աստուածը, որի հանդէպ վարուեցի այնպէս, ինչպէս հաճոյ էր նրան, քեզ հետ կ՚ուղարկի իր հրեշտակին, կը յաջողեցնի քո գործը, եւ դու իմ որդու համար կին կ՚առնես իմ ազգից ու իմ հօր տնից:
Gene ArmEaste 24:41  Ա՛յն ժամանակ դու ազատուած կը լինես իմ նզովքից: Իսկ եթէ գնաս իմ տոհմի մէջ, եւ կին չտան, ինձ տուած երդումից ազատ կը լինես»:
Gene ArmEaste 24:42  Երբ այսօր աղբիւրի մօտ եկայ, ասացի. «Իմ տէր Աբրահամի Տէր Աստուած, եթէ յաջողեցնելու ես իմ գործը, որի համար ես այժմ եկել եմ,
Gene ArmEaste 24:43  ահա հասել եմ ջրի աղբիւրի մօտ, եւ քաղաքի մարդկանց դուստրերը գալիս են ջուր հանելու: Եւ այն կոյսը, որին ասեմ, թէ՝ ՚ Քո սափորից մի քիչ ջուր տո՛ւր խմելու»,
Gene ArmEaste 24:44  եւ նա ասի ինձ, թէ՝ ՚ Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կը հանեմ», նա էլ կը լինի այն կինը, որին նախատեսել է Տէրը իր ծառայ Իսահակի համար, որովհետեւ դրանից էլ կ՚իմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տէր Աբրահամի նկատմամբ»:
Gene ArmEaste 24:45  Դեռ իմ մտքում չէի վերջացրել իմ խօսքը, երբ իսկոյն երեւաց Ռեբեկան: Նա իր ուսին սափոր ունէր: Նա իջաւ աղբիւրը եւ ջուր հանեց: Ես ասացի նրան. «Ինձ ջուր տո՛ւր խմելու»:
Gene ArmEaste 24:46  Նա իր ուսից փութով իջեցրեց սափորն ու ասաց. «Դու խմի՛ր, յետոյ քո ուղտերին էլ ջուր կը տամ»: Ես խմեցի, եւ նա իմ ուղտերին էլ ջուր տուեց:
Gene ArmEaste 24:47  Ես նրան հարցրի ու ասացի. «Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ»: Նա պատասխանեց. «Ես Մեղքայի եւ Նաքորի որդի Բաթուէլի դուստրն եմ»: Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին եւ ուրախացայ,
Gene ArmEaste 24:48  երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի իմ տէր Աբրահամի Տէր Աստծուն, որ յաջողութիւն պարգեւեց իմ ազնիւ գործին՝ իմ տիրոջ եղբօր աղջկան կին առնելու նրա որդու համար:
Gene ArmEaste 24:49  Արդ, եթէ իմ տիրոջ նկատմամբ շնորհ եւ արդար գործ էք անելու, ասացէ՛ք ինձ:
Gene ArmEaste 24:50  Իսկ եթէ ոչ, ցո՛յց տուէք ինձ, ա՞ջ գնամ, թէ՞ ձախ»: Պատասխան տուեցին Լաբանն ու Բաթուէլը եւ ասացին. «Տէրն է այսպէս կարգադրել, մենք չենք կարող դրական կամ բացասական պատասխան տալ:
Gene ArmEaste 24:51  Ահա Ռեբեկան առաջդ կանգնած է, ա՛ռ եւ գնա՛: Նա թող լինի քո տիրոջ որդու կինը, ինչպէս կարգադրել է Տէրը»:
Gene ArmEaste 24:52  Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խօսքերը, երկրպագեց Տիրոջը:
Gene ArmEaste 24:53  Ծառան հանեց ոսկէ ու արծաթէ զարդեր եւ զգեստներ, տուեց Ռեբեկային: Նա նուէրներ տուեց նաեւ նրա եղբայրներին ու մօրը:
Gene ArmEaste 24:54  Կերան ու խմեցին նա եւ այն մարդիկ, որոնք նրա հետ էին, եւ ապա քնեցին: Առաւօտեան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհեցէ՛ք ինձ, որ գնամ տիրոջս մօտ»:
Gene ArmEaste 24:55  Ռեբեկայի եղբայրներն ու մայրը ասացին. «Թող աղջիկը մեզ մօտ մնայ մի տասը օր, յետոյ թող գնայ»:
Gene ArmEaste 24:56  Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահէք, որովհետեւ Տէրը յաջողութիւն է պարգեւել իմ գործին: Թողէ՛ք որ գնամ տիրոջս մօտ»:
Gene ArmEaste 24:57  Ռեբեկայի եղբայրներն ասացին. «Կանչենք աղջկան եւ նրան հարցնենք»:
Gene ArmEaste 24:58  Նրանք կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կը գնա՞ս այս մարդու հետ»: Նա պատասխանեց. «Կը գնամ»:
Gene ArmEaste 24:59  Նրանք ճանապարհեցին իրենց քոյր Ռեբեկային իր ունեցուածքով, ինչպէս նաեւ Աբրահամի ծառային ու նրանց, ովքեր նրա հետ էին:
Gene ArmEaste 24:60  Նրանք օրհնելով Ռեբեկային՝ ասացին նրան. «Քո՛յր մեր, հազար ու բիւր դառնաս: Քո յետնորդները թող տիրանան քո թշնամիների քաղաքներին»:
Gene ArmEaste 24:61  Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրայ եւ այդ մարդու հետ ճանապարհ ընկան: Ծառան Ռեբեկային առնելով գնաց:
Gene ArmEaste 24:62  Իսահակը եկել էր անապատ՝ Տեսիլքի ջրհորի մօտ, որովհետեւ բնակւում էր երկրի հարաւային կողմում:
Gene ArmEaste 24:63  Իսահակը երեկոյեան ելաւ դաշտ՝ զբօսնելու: Նա իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ գալիս են տասը ուղտեր:
Gene ArmEaste 24:64  Աչքերը վեր բարձրացրեց նաեւ Ռեբեկան եւ տեսաւ Իսահակին: Նա անմիջապէս իջաւ ուղտից
Gene ArmEaste 24:65  եւ հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»: Ծառան պատասխանեց. «Նա իմ տէրն է»: Ռեբեկան առաւ քողն ու գցեց իր վրայ:
Gene ArmEaste 24:66  Ծառան Իսահակին պատմեց այն ամէնը, ինչ արել էր ինքը:
Gene ArmEaste 24:67  Իսահակը մտաւ իր մօր՝ Սառայի տունը, առաւ Ռեբեկային, եւ սա դարձաւ նրա կինը: Իսահակը սիրեց նրան եւ մխիթարուեց իր մօր՝ Սառայի սգից: