Site uses cookies to provide basic functionality.

OK
EXODUS
Prev Up Next Toggle notes
Chapter 12
Exod ArmEaste 12:1  Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
Exod ArmEaste 12:2  «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարուայ առաջին ամիսը լինի:
Exod ArmEaste 12:3  Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար:
Exod ArmEaste 12:4  Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը:
Exod ArmEaste 12:5  Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել:
Exod ArmEaste 12:6  Այն կը պահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան:
Exod ArmEaste 12:7  Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են:
Exod ArmEaste 12:8  Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով:
Exod ArmEaste 12:9  Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով: Կ՚ուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը:
Exod ArmEaste 12:10  Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կ՚այրէք:
Exod ArmEaste 12:11  Եւ կ՚ուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կ՚ուտէք, որովհետեւ Տիրոջ զատիկն է:
Exod ArmEaste 12:12  Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թէ՛ մարդկանց, թէ՛ անասունների: Եգիպտացիների բոլոր աստուածներից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ ե՛ս եմ Տէրը:
Exod ArmEaste 12:13  Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարուածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը:
Exod ArmEaste 12:14  Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ: Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կը տօնէք»:
Exod ArmEaste 12:15  «Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից:
Exod ArmEaste 12:16  Առաջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ:
Exod ArmEaste 12:17  Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից: Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս:
Exod ArmEaste 12:18  Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կ՚ուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն:
Exod ArmEaste 12:19  Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի: Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից:
Exod ArmEaste 12:20  Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի: Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք»:
Exod ArmEaste 12:21  Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք զատկի համար:
Exod ArmEaste 12:22  Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը: Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ:
Exod ArmEaste 12:23  Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար: Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կ՚անցնի կը գնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ:
Exod ArmEaste 12:24  Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար:
Exod ArmEaste 12:25  Երբ կը մտնէք այն երկիրը, որ Տէրը, իր խոստման համաձայն, տալու է ձեզ, կը կատարէք այդ ծիսակատարութիւնը:
Exod ArmEaste 12:26  Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը»,
Exod ArmEaste 12:27  նրանց կը պատասխանէք, որ Տիրոջ համար զատկի զոհն է սա, այն Տիրոջ, որ Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց իսրայէլացիներին, փրկեց մեր ընտանիքները»: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագութիւն արեց:
Exod ArmEaste 12:28  Իսրայէլացիները գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին:
Exod ArmEaste 12:29  Երբ կէս գիշեր եղաւ, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց եգիպտացի բոլոր անդրանիկ զաւակներին՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկից մինչեւ բանտի մէջ արգելափակուած գերի կնոջ անդրանիկը, նաեւ անասունների բոլոր առաջնածինները:
Exod ArmEaste 12:30  Գիշերը վեր կացան փարաւոնն ինքը, նրա բոլոր պաշտօնեաներն ու բոլոր եգիպտացիները: Եգիպտացիների ամբողջ երկրում մեծ աղաղակ բարձրացաւ, որովհետեւ տուն չկար, որտեղ մեռել չլինէր:
Exod ArmEaste 12:31  Փարաւոնը գիշերով կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Դուք եւ իսրայէլացիներդ վեր կացէք գնացէ՛ք իմ ժողովրդի միջից, գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ինչպէս որ ասացիք:
Exod ArmEaste 12:32  Ձեզ հետ տարէ՛ք նաեւ ձեր արջառն ու ոչխարը, ինչպէս որ ասացիք, բայց ինձ էլ օրհնեցէ՛ք»:
Exod ArmEaste 12:33  Եւ եգիպտացիներն ստիպում էին իսրայէլացի ժողովրդին, որ շտապ դուրս գան երկրից, որովհետեւ ասում էին. «Նրանց պատճառով մենք բոլորս էլ կը մեռնենք»:
Exod ArmEaste 12:34  Ժողովուրդն իր հունցած, բայց դեռեւս չհասած խմորը շորերի մէջ փաթաթելով՝ ուսն առաւ:
Exod ArmEaste 12:35  Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս իրենց հրամայել էր Մովսէսը. եգիպտացիներից նրանք ուզեցին ոսկեայ, արծաթեայ զարդեր ու զգեստներ:
Exod ArmEaste 12:36  Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ. սրանք զարդեր տուին նրանց: Այսպիսով նրանք կողոպտեցին եգիպտացիներին:
Exod ArmEaste 12:37  Իսրայէլացիները՝ վեց հարիւր հազար տղամարդ, հետիոտն, բացի մնացած բազմութիւնից, Ռամեսից մեկնեցին Սոկքոթ:
Exod ArmEaste 12:38  Նրանց հետ ճանապարհ ընկաւ մի խառնիճաղանջ բազմութիւն, մեծ քանակութեամբ արջառ, ոչխար ու այլ անասուն:
Exod ArmEaste 12:39  Նրանք Եգիպտոսից բերած ու դեռ չհասած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետեւ այն դեռ չէր խմորուել, քանի որ եգիպտացիները երկրից հանել էին իրենց, եւ իրենք չէին կարողացել սպասել ու իրենց ճանապարհի պաշար չէին արել:
Exod ArmEaste 12:40  Իսրայէլացիներն իրենք ու իրենց հայրերը Եգիպտացիների երկրում եւ Քանանացիների երկրում ապրեցին չորս հարիւր երեսուն տարի: Երբ չորս հարիւր երեսուն տարին վերջացաւ, նոյն օրն իսկ
Exod ArmEaste 12:41  Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով Եգիպտացիների երկրից դուրս եկաւ:
Exod ArmEaste 12:42  Իսրայէլացիները Տիրոջ հրամանով այդ գիշերը անքուն մնացին, որպէսզի նա նրանց դուրս բերի Եգիպտացիների երկրից. դա Տիրոջ անքուն մնալու այն գիշերն էր, որ բոլոր իսրայէլացիները սերնդէսերունդ պիտի յիշեն:
Exod ArmEaste 12:43  Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից:
Exod ArmEaste 12:44  Որեւէ մէկը իր ծառային ու փողով գնուած ստրուկին թող թլփատի եւ թլփատուելուց յետոյ միայն թող նա ուտի դրանից:
Exod ArmEaste 12:45  Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից:
Exod ArmEaste 12:46  Տա՛ն մէջ պէտք է ուտուի այն. միսը տնից դուրս չպիտի հանէք եւ դրա ոսկորը չպիտի ջարդէք:
Exod ArmEaste 12:47  Իսրայէլի ողջ ժողովուրդը պէտք է կատարի դա:
Exod ArmEaste 12:48  Եթէ մի օտարական մօտենայ ձեզ եւ ուզենայ կատարել Տիրոջ զատիկը, դու պէտք է թլփատես նրա բոլոր արու զաւակներին, եւ դրանից յետոյ միայն նա կարող է մօտենալ կատարելու զատիկը: Նա կը համարուի երկրի տեղաբնակ: Ոչ մի անթլփատ դրանից չպէտք է ուտի:
Exod ArmEaste 12:49  Օրէնքը հաւասարապէս տարածւում է եւ՛ տեղաբնակի, եւ՛ ձեզ մօտ ապրել ցանկացող օտարականի վրայ»:
Exod ArmEaste 12:50  Բոլոր իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս պատուիրել էր Տէրը Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին:
Exod ArmEaste 12:51  Ահա այդ օրն էր, որ Տէրը բոլոր իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից: