Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 5
Matt ArmEaste 5:1  Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները.
Matt ArmEaste 5:2  եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
Matt ArmEaste 5:3  - Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
Matt ArmEaste 5:4  - Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:
Matt ArmEaste 5:5  - Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Matt ArmEaste 5:6  - Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:
Matt ArmEaste 5:7  - Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:
Matt ArmEaste 5:8  - Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Matt ArmEaste 5:9  - Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:
Matt ArmEaste 5:10  - Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
Matt ArmEaste 5:11  - Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն:
Matt ArmEaste 5:12  Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
Matt ArmEaste 5:13  «Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի:
Matt ArmEaste 5:14  Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել:
Matt ArmEaste 5:15  Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են:
Matt ArmEaste 5:16  Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»:
Matt ArmEaste 5:17  «Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու:
Matt ArmEaste 5:18  Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի:
Matt ArmEaste 5:19  Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի:
Matt ArmEaste 5:20  Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
Matt ArmEaste 5:21  Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի:
Matt ArmEaste 5:22  Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին:
Matt ArmEaste 5:23  Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի,
Matt ArmEaste 5:24  քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր:
Matt ArmEaste 5:25  Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես:
Matt ArmEaste 5:26  Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը:
Matt ArmEaste 5:27  Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար».
Matt ArmEaste 5:28  իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում:
Matt ArmEaste 5:29  Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն:
Matt ArmEaste 5:30  Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն:
Matt ArmEaste 5:31  Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»:
Matt ArmEaste 5:32  Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է:
Matt ArmEaste 5:33  Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»:
Matt ArmEaste 5:34  Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է,
Matt ArmEaste 5:35  ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է:
Matt ArmEaste 5:36  Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել:
Matt ArmEaste 5:37  Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է:
Matt ArmEaste 5:38  Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
Matt ArmEaste 5:39  Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու:
Matt ArmEaste 5:40  Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող:
Matt ArmEaste 5:41  Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա:
Matt ArmEaste 5:42  Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:
Matt ArmEaste 5:43  Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
Matt ArmEaste 5:44  Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում,
Matt ArmEaste 5:45  որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ:
Matt ArmEaste 5:46  Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում:
Matt ArmEaste 5:47  Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում:
Matt ArmEaste 5:48  Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»: