Site uses cookies to provide basic functionality.

OK
GENESIS
Prev Up Next Toggle notes
Chapter 31
Gene ArmEaste 31:1  Յակոբի ականջին հասան Լաբանի որդիների ասածները, թէ՝ «Յակոբը տէր դարձաւ մեր հօր ողջ ունեցուածքին, մեր հօր ունեցուածքի շնորհիւ նա դիզեց մեծ հարստութիւն»:
Gene ArmEaste 31:2  Յակոբը նայելով Լաբանի դէմքին՝ հասկացաւ, որ նա իր հետ այնպէս բարեացակամ չէ, ինչպէս առաջներում էր:
Gene ArmEaste 31:3  Տէր Աստուած ասաց Յակոբին. «Վերադարձի՛ր քո հօր երկիրը, քո ցեղի մօտ, եւ ես կը լինեմ քեզ հետ»:
Gene ArmEaste 31:4  Յակոբը մարդ ուղարկեց եւ Ռաքէլին ու Լիային կանչեց այն դաշտը, ուր հօտերն էին գտնւում:
Gene ArmEaste 31:5  Նա նրանց ասաց. «Նայելով ձեր հօր դէմքին՝ զգում եմ, որ նա ինձ հետ այնպէս բարեացակամ չէ, ինչպէս առաջներում էր: Սակայն իմ հօր Աստուածը ինձ հետ է:
Gene ArmEaste 31:6  Դուք ինքներդ էլ գիտէք, որ իմ ամբողջ ուժով ես ծառայեցի ձեր հօրը,
Gene ArmEaste 31:7  բայց ձեր հայրը խաբեց ինձ, իմ վարձից տասը գառներ խլեց, սակայն Աստուած թոյլ չտուեց, որ նա ինձ վատութիւն անի:
Gene ArmEaste 31:8  Եթէ նա ասի, թէ՝ «Երանգաւոր մաքիները թող լինեն քո վարձը», ապա բոլոր մաքիները երանգաւոր գառներ կը ծնեն, իսկ եթէ ասի, թէ՝ «Սպիտակները թող լինեն քո վարձը», ապա բոլոր մաքիները սպիտակ գառներ կը ծնեն:
Gene ArmEaste 31:9  Աստուած ձեր հօր բոլոր մաքիները առաւ ու ինձ տուեց:
Gene ArmEaste 31:10  Երբ մաքիները բեղմնաւորւում էին, ես երազում, իմ աչքերով տեսնում էի, թէ ինչպէս նոխազներն ու խոյերը ելնում էին պտաւոր, խատուտիկ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրայ:
Gene ArmEaste 31:11  Երազի մէջ Աստծու հրեշտակն ինձ ասաց. «Յակո՛բ»: Ես պատասխանեցի. «Ի՞նչ է»:
Gene ArmEaste 31:12  Նա ասաց. «Քո աչքով նայի՛ր ու տե՛ս, որ մաքիների ու էգ այծերի վրայ ելնող խոյերն ու արու այծերը ինչպէ՜ս պտաւոր են, խայտաճամուկ ու խատուտիկ: Չէ՞ որ ես տեսայ, թէ ինչքան անարդար վարուեց քեզ հետ Լաբանը:
Gene ArmEaste 31:13  Ես այն Աստուածն եմ, որ երեւացի քեզ Աստծու տուն կոչուող վայրում, ուր ինձ համար կոթողը իւղով օծեցիր եւ ուխտ արեցիր: Արդ, դո՛ւրս արի այս երկրից, գնա՛ քո ծննդավայրը, եւ ես կը լինեմ քեզ հետ»:
Gene ArmEaste 31:14  Պատասխան տուեցին Ռաքէլն ու Լիան եւ ասացին նրան. «Մի՞թէ սրանից յետոյ մենք մեր հօր ունեցուածքից բաժին եւ ժառանգութիւն կ՚ունենանք.
Gene ArmEaste 31:15  չէ՞ որ նա մեզ օտար համարեց, քանի որ վաճառեց մեզ եւ մեր փողը կերաւ:
Gene ArmEaste 31:16  Այն հարստութիւնն ու փառքը, որ Աստուած առաւ մեր հօր ձեռքից, թող մերը լինի ու մեր որդիներինը: Արդ, ինչ որ ասել է քեզ Աստուած, արա՛»:
Gene ArmEaste 31:17  Յակոբը վեր կացաւ, առաւ իր կանանց ու երեխաներին եւ նրանց նստեցրեց ուղտերի վրայ:
Gene ArmEaste 31:18  Նա իր հետ վերցրեց իր ողջ ունեցուածքն ու հարստութիւնը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպէսզի գնայ Քանանացիների երկիրը՝ իր հայր Իսահակի մօտ:
Gene ArmEaste 31:19  Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու: Ռաքէլը գողացաւ իր հօր կուռքերը,
Gene ArmEaste 31:20  իսկ Յակոբը շեղեց իր աներոջ Լաբանի ուշադրութիւնը, որովհետեւ չէր ուզում յայտնել նրան, որ պիտի գնայ:
Gene ArmEaste 31:21  Եւ նա գնաց իր ամբողջ ունեցուածքով: Նա անցաւ գետը եւ ուղղուեց դէպի Գաղաադ լեռը:
Gene ArmEaste 31:22  Երրորդ օրը ասորի Լաբանին յայտնեցին, որ Յակոբը գնացել է:
Gene ArmEaste 31:23  Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին, հետապնդեց նրան՝ անցնելով եօթը օրուայ ճանապարհ եւ նրան հասաւ Գաղաադ լերան մօտ:
Gene ArmEaste 31:24  Գիշերը երազում Աստուած երեւաց ասորի Լաբանին ու ասաց նրան. «Զգո՛յշ եղիր, չլինի թէ Յակոբի հետ չարութեամբ խօսես»: Լաբանը հասաւ Յակոբին:
Gene ArmEaste 31:25  Յակոբն իր վրանը խփել էր լերան վրայ, իսկ Լաբանն իր եղբայրներին դադար տուեց Գաղաադ լերան վրայ:
Gene ArmEaste 31:26  Լաբանն ասաց Յակոբին. «Ինչո՞ւ արեցիր դու այդ բանը, ինչո՞ւ ինձնից գաղտնի հեռացար, կողոպտեցիր ինձ, իսկ իմ դուստրերին իբրեւ ռազմագերի տարար:
Gene ArmEaste 31:27  Եթէ տեղեակ պահէիր ինձ, քեզ ճանապարհ կը դնէի ուրախութեամբ, թմբուկների ու քնարների նուագակցութեամբ:
Gene ArmEaste 31:28  Մի՞թէ ես արժանի չէի, որ համբուրէի իմ որդիներին ու դուստրերին: Արդ, անմիտ բան ես արել:
Gene ArmEaste 31:29  Ես հիմա կարող էի քեզ վատութիւն անել, բայց քո հօր Աստուածը երէկ ասաց ինձ. «Զգո՛յշ եղիր, չլինի թէ Յակոբի հետ չարութեամբ խօսես»:
Gene ArmEaste 31:30  Արդ, գնում ես, որովհետեւ շատ ես ցանկանում գնալ քո հօր տունը: Բայց ինչո՞ւ գողացար իմ աստուածները»:
Gene ArmEaste 31:31  Պատասխան տուեց Յակոբն ու ասաց Լաբանին. «Որովհետեւ վախեցայ: Մտածեցի, թէ գուցէ դու քո դուստրերին, նաեւ իմ ողջ ունեցուածքը կը խլես ինձնից»:
Gene ArmEaste 31:32  Յակոբն աւելացրեց. «Ում մօտ որ գտնես քո աստուածները, թող նա մեր եղբայրների ներկայութեամբ սպանուի: Արդ, քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մօտ, վերցրո՛ւ»: Նա ոչինչ չգտաւ նրա մօտ: Յակոբը, սակայն, չգիտէր, որ Ռաքէլն էր գողացել դրանք:
Gene ArmEaste 31:33  Լաբանը, մտնելով, խուզարկեց Յակոբի կացարանը, Լիայի կացարանն ու երկու հարճերի կացարանը, բայց ոչինչ չգտաւ: Դուրս գալով Լիայի կացարանից՝ Լաբանը մտաւ Ռաքէլի կացարանը:
Gene ArmEaste 31:34  Ռաքէլն առնելով կուռքերը՝ դրանք դրել էր ուղտի թամբի տակ եւ նստել դրանց վրայ: Լաբանը խուզարկեց ողջ վրանը, բայց ոչինչ չգտաւ:
Gene ArmEaste 31:35  Նա ասաց իր հօրը. «Մի՛ բարկացիր, տէ՛ր, որ քո ներկայութեամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետեւ կանանց յատուկ վիճակի մէջ եմ»: Լաբանը խուզարկեց ողջ կացարանը, բայց կուռքերը չգտաւ:
Gene ArmEaste 31:36  Յակոբը զայրացած վիճում էր Լաբանի հետ: Յակոբը, պատասխան տալով Լաբանին, ասաց. «Ի՞նչ վնաս եմ տուել ես, կամ ո՞րն է իմ յանցանքը, որ հետապնդեցիր ինձ
Gene ArmEaste 31:37  եւ խուզարկեցիր իմ ողջ ունեցուածքը: Իմ տանը քո ունեցուածքից որեւէ բան գտա՞ր. դի՛ր այն իմ եղբայրների ու քո եղբայրների առաջ, եւ նրանք թող դատ անեն մեր երկուսի միջեւ:
Gene ArmEaste 31:38  Քսան տարի է, ինչ քեզ հետ էի, քո մաքիներն ու այծերը չստերջացան, եւ քո մաքիների խոյերը ես չկերայ:
Gene ArmEaste 31:39  Գազաններից յօշոտուած կենդանիները ես չբերեցի քեզ մօտ, այլ ես ինքս էի հատուցում ցերեկը գողացուածի ու գիշերը գողացուածի վնասը:
Gene ArmEaste 31:40  Ցերեկը տանջւում էի շոգից, իսկ գիշերը՝ ցրտից: Քունը փախել էր աչքերիցս:
Gene ArmEaste 31:41  Քսան տարի է, որ քո տանն էի: Տասնչորս տարի քո դուստրերի համար աշխատեցի եւ վեց տարի՝ քո հօտերի համար, բայց դու խաբեցիր ինձ եւ իմ բաժնից տասը ոչխար խլեցիր:
Gene ArmEaste 31:42  Եթէ ինձ հետ չլինէին իմ հօր Աստուածը, Աբրահամի Աստուածն ու Իսահակի երկիւղը, այժմ գուցէ ինձ ձեռնունայն յետ ուղարկէիր: Աստուած, սակայն, տեսաւ իմ չարչարանքն ու իմ ձեռքի գործը եւ երէկ քեզ յանդիմանեց»:
Gene ArmEaste 31:43  Պատասխան տուեց Լաբանն ու ասաց Յակոբին. «Դուստրերդ իմ դուստրերն են, որդիներդ իմ որդիներն են, հօտերդ իմ հօտերն են: Այն ամէնը, ինչ տեսնում ես դու, իմն են ու իմ դուստրերինը: Արդ, հիմա ես ինչպէ՞ս կարող եմ վատութիւն անել իմ դուստրերին ու նրանց որդիներին:
Gene ArmEaste 31:44  Արի պայման դնենք ես ու դու: Դա թող վկայութիւն լինի իմ ու քո միջեւ»: Նա իր խօսքը շարունակելով՝ ասաց նրան. «Ահա մեր միջեւ որպէս վկայ Աստծուց բացի ոչ ոք չկայ»:
Gene ArmEaste 31:45  Եւ Յակոբը վերցրեց մի քար եւ կանգնեցրեց որպէս կոթող:
Gene ArmEaste 31:46  Դիմելով իր եղբայրներին՝ նա ասաց. «Քարեր հաւաքեցէ՛ք»: Նրանք քարեր կուտակեցին, քարակոյտ սարքեցին եւ այդ քարակոյտի վրայ կերան ու խմեցին:
Gene ArmEaste 31:47  Լաբանն այն կոչեց Վկայութեան կարկառ, իսկ Յակոբը կոչեց Վկայ կարկառ:
Gene ArmEaste 31:48  Լաբանն ասաց նրան. «Այս քարակոյտն այսօր վկայ է իմ ու քո միջեւ»: Ահա թէ ինչու Լաբանն այն կոչեց Վկայութեան քարակոյտ, իսկ Յակոբն այն կոչեց Վկայ քարակոյտ: Լաբանն ասաց Յակոբին. «Ահա այս քարակոյտն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջեւ. վկայ է այս քարակոյտը, վկայ է այս կոթողը»: Դրա համար էլ քարակոյտը կոչու»ց Վկայութիւն
Gene ArmEaste 31:49  եւ Դիտանոց, որի մասին ասաց, թէ՝ «Աստծու աչքը թող ինձ ու քեզ վրայ լինի, որովհետեւ մենք, ահա, բաժանւում ենք միմեանցից:
Gene ArmEaste 31:50  Եթէ վշտացնես իմ դուստրերին, եթէ իմ դուստրերի կենդանութեան օրօք կանայք առնես, զգո՛յշ եղիր, քանի որ մարդ չկայ, որ այդ բանը տեսնի, բայց Աստուա՛ծ վկայ կը լինի իմ ու քո միջեւ»:
Gene ArmEaste 31:51  Լաբանն ասաց Յակոբին. «Ահա այս քարակոյտն ու այս կոթողը, որ կանգնեցրինք իմ ու քո միջեւ.
Gene ArmEaste 31:52  վկայ թող լինի այս քարակոյտը, վկայ թող լինի այս կոթողը, որ ես չեմ անցնի քարակոյտից այն կողմ, իսկ դու էլ չես անցնի քարակոյտից ու կոթողից այս կողմ չար դիտաւորութեամբ:
Gene ArmEaste 31:53  Մեր դատաւորը Աբրահամի Աստուածը, Նաքորի Աստուածը, նրանց հայրերի Աստուածը թող լինի»:
Gene ArmEaste 31:54  Եւ Յակոբը երդուեց իր հայր Իսահակի երկիւղով: Յակոբը զոհ մատուցեց լերան վրայ եւ կանչեց իր եղբայրներին, որ հաց ուտեն: Նրանք կերան, խմեցին ու գիշերեցին լերան վրայ:
Gene ArmEaste 31:55  Լաբանն առաւօտեան վեր կացաւ, համբուրեց իր որդիներին ու դուստրերին, օրհնեց նրանց եւ վերադառնալով՝ գնաց իր բնակատեղին: